Հասարակություն

«Հայաստանն այս ոլորտում օրինակելի է շատ երկրների համար»․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում փոխվարչապետն ընդգծել է, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ինչը հնարավոր է դարձել նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների պետության հետ համագործակցության արդյունքում:

«Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանն այս ոլորտում օրինակելի է շատ երկրների համար: Ամունդի հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը Հայաստանում ոչ միայն առանցքային էր այս կարևոր ռեֆորմի իրականացման տեսանկյունից, այլև ազդակ է միջազգային հանրությանը Հայաստանում ներդրումներ իրականացնելու և խոշոր ծրագրեր նախաձեռնելու համար:

Առաջադեմ կառավարիչների գործունեությունը պետք է նպաստի նաև երկրում կապիտալի շուկայի զարգացմանը՝ ոլորտի լավագույն փորձի ու գիտելիքի օգտագործմամբ»,- նշել է Մհեր Գրիգորյանը: