Հասարակություն

Սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր Կոտայքում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։

Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։

Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական վարույթներ։ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում։

Հիշեցում՝ ՎԻՎՕ-ի հոդված 54.4-ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 100.000 ՀՀ դրամի չափով: