Հասարակություն

Լևոն Սահակյանը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը։ Այսօր այդ հարցը քննարկվել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Թեկնածուն ելույթում խոսել է Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մասին` անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը և ֆինանսական կայունության ապահովմանը: «ԿԲ հիմնական նպատակներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը: ԿԲ խորհուրդը հետևողականորեն կիրառում է իր տրամադրության տակ եղած դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ ցածր ու կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետևողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է, որը նպաստում է ներդրումներին, երկրի տնտեսական աճին և հասարակության բարեկեցության բարելավմանը: Լևոն Սահակյանի խոսքով այս համատեքստում ԿԲ-ն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի առաջնահերթությունն է խարսխել գնաճը և գնաճային սպասումները:

«Մենք վստահ ենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը համադրելի է եղել գների կայունության ապահովման մեր նպատակի հետ»,- ընդգծել է թեկնածուն: Նրա կարծիքով այսօրվա արագ փոփոխվող պայմաններում աճող անորոշությունները նոր մարտահրավերներ են ներկայացնում ԿԲ-ների համար, և դրանք պահանջում են նորարարական մոտեցումներ քաղաքականության մշակման հարցում:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: