Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները:
«Վստահ եմ, որ դեռ շատ պետք է աշխատենք, և դեռ շատ վայրերից բենզալցակայանները պետք է դուրս գան: Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ ինչ չլուծված խնդիրներ կան և ինչ ուժեր է պետք ներգրավել այլ գերատեսչություններից համալիր լուծումներ տալու նպատակով: Տեմպն էականորեն թուլացել է, ու այն պետք է վերականգնել: Իրավական առումով՝ ամենապարզ գործերն արվել են, բայց առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի»,- նշել է Տիգրան Ավինյանը:
***
Շինարարական հրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն. կմշակվի համապատասխան նախագիծ:
***
28 փողոցների ծրագրով շարունակվում է նախկին հենասյուները փոխարինելու, էներգախնայող լեդ տեսակի լուսատուները տեղադրելու և վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնելու գործընթացը: Ներկա պահին Թումանյան և Հանրապետություն փողոցներում խրամուղու քանդման աշխատանքներ են իրականացվում:
«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության տնօրենը նշել է, որ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի հետ համատեղ ավարտին է հասցվել ընկերության ավտոշարասյան տարածքոմ 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը:
***
Օգոստոս ամսվա կտրվածքով Երևանում տեղադրված օդի դիտարկման 85 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ օդում մանրահատիկ փոշու պարունակությունը 12.3 միկրոգրամ/մ.խ. է, ինչը չի գերազանցում սահմանված թույլատրելի խտությունը:
Մայրաքաղաքում տեղադրված օդի դիտարկման սարքերի թիվը ավելացել է՝ հասնելով 117-ի:
***
«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այժմ իրականացվում է «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը: