Հասարակություն

«Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված»․ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար, թերևս, ամենակարևոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:

Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է: Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման և ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:

Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին: Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք: Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:

Կեցցե՛ Հայ մարդը, կեցցե՛ Հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի քաղաքացին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը հավերժ է: Աստված մեզ օգնական»,- գրել է Ալեն Սիմոնյանը։