Հասարակություն

Վարչապետն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: 

«Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել ձևավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել Սփյուռքի մեր համայնքների հետ, ինչ-որ առումով նաև Սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ և համակարգված ձևով ներկայացնել ՀՀ կառավարությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: 

«Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք: Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել: Եվ այդ հարցում մենք, իհարկե, հույս ենք դնում ձեզ վրա, որովհետև սա այն դեպքը չէ, որ կառավարությունը պատրաստի ինչ-որ ձևակերպում դնի սեղանին: Մենք կարող ենք ասել պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ առաջարկներ, մենք կարող ենք ունենալ արձագանքներ ձեր կողմից հնչող առաջարկների վերաբերյալ, բայց դա մի աշխատանք է, որ մենք պետք է միասին անենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մի իրավիճակ և աշխատանք է, որն ունի բազմաթիվ հարցեր ու այսօր այնպես չէ, որ կան բոլոր հարցերի պատասխանները: Միաժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին կկարողանան, ի վիճակի կլինեն գտնել հարցերի պատասխաններ: 

«Բայց այդ էլ եկեք ասենք՝ այնպես չէ, որ հարցերի ցանկն էլ շատ հստակ ձևակերպված է: Այսինքն՝ բնական է նոր ինստիտուտ, նոր հարցեր, նոր դիտանկյուն, նոր տեսանկյուններ, և ես այսօրվա առիթը չեմ փորձի օգտագործել այդպիսի բովանդակային մանրամասների մեջ մտնելու համար: Ես ուղղակի ուզում եմ ողջունել բոլորիդ, իմ ուրախությունը և գոհունակությունը հայտնել նման շփում ունենալու հնարավորության առիթով, և շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր պատրաստակամության համար, այս իրականում դժվար գործառույթը ստանձնելու համար, որովհետև լծակները քիչ են, պատասխանատվությունը մեծ, և իհարկե, դա որոշակի խիզախություն և քաջություն է պահանջում յուրաքանչյուրից՝ այդ կարգավիճակը ստանձնելու ճանապարհին»,- նշել է կառավարության ղեկավարը և ողջունել հանձնակատարների այդ քայլը, մտադրությունը՝ առաջ մղելու այն օրակարգը, որը կա և կարող է լինել Հայաստանի Հանրապետության և աշխարհի հայերի միջև:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ հանձնակատարները ներգրավված են համայնքային կյանքին և լուրջ կապեր ունեն Հայաստանի հետ, պատրաստ են ստանձնել աշխատանքը և կապ հանդիսանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և համայնքների միջև: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ հանձնակատարների թիվն արդեն իսկ անցնում է մեկ տասնյակը և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Վարչապետ Փաշինյանը ներկաներին կոչ է արել իրենց գործունեության ընթացքում կենտրոնացած լինել Հայաստանի և նրա շահերի վրա, Հայաստանը դարձնել ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: