Հասարակություն

Առաջիկայում մեկնարկելու ենք 50 գյուղական ամբուլատորիաների մրցույթ․ Ավանեսյան

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտում ընթացիկ բարեփոխումներին, ծրագրերին, առողջապահության համակարգի մարտահրավերների չեզոքացման և ոլորտի զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավման կարևորությանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նա մատնանշել է վերջին տարիներին սփյուռքահայ բարերարների, բժիշկների և առողջապահության կազմակերպիչների հետ ունեցած համագործակցության, կարողությունների մեկտեղման դրական փորձը և հայտնել պատրաստակամություն այն ընդլայնելու:

Համակարգային բարեփոխումների համատեքստում գերատեսչության ղեկավարը նշել է, հատկապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման գործընթացում Սփյուռքի ներգրավվածությունը` թե ֆինանսական, թե նոր միջավայրի, մշակույթի ստեղծման գործում` օրինակ բերելով վերջերս բացված Դսեղի առողջության կենտրոնը:

«Մենք ունենք ամբուլատորիաների նոր կոնցեպտուալ նախագիծ և առաջիկայում մեկնարկելու ենք 50 գյուղական ամբուլատորիաների մրցույթի փուլը և ձեր մոտեցումը, ներուժը կառուցման, վերազինման աշխատանքներում կարևոր է: Ուզում եմ շեշտել նաև գործակցության ամրապնդման իմ պատրաստակամությունը բուժանձնակազմի վերապատրաստման, փորձի փոխանակման, գործելակարգերի, ուղեցույցների մշակման և ներդրման աշխատանքներում»,- ասել է նախարարը:

Պանելային քննարկման ավարտից հետո նախարար Ավանեսյանը նաև շրջել է էքսպո կենտրոնում՝ անցել ցուցադրված մարզային տաղավարներով, ծանոթացել տեղական արտադրանքին: