Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դեռևս շարունակվում են առողջապահական պարտադիր ապահովագրության օրենսդրական փաթեթի քննարկումները․
«Փաթեթը վերջին երկու-երեք ամսվա ընթացքում աշխատանքային կարգով մեծ շրջափուլ անցավ, այն ավարտվել է և արդեն ուղարկվել կառավարություն։ Սպասում ենք՝ կոմիտեում քննարկվի, դրանից հետո կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում գնա Ազգային ժողով։
Մեր կողմից ընդհանուր ապահովագրության բարեփոխման որոշ կտորներ նախապատրաստվել են, որակի, ստանդարտների ներդրման մասով աշխատանքներն արդեն իսկ գործածման փուլում են, իսկ օրենսդրական փաթեթը այս պահին կառավարությունում է»,- ասել է նա։
Անդրադառնալով համակարգի ներդրման ժամկետներին՝ Ավանեսյանը տեղեկացրել է. «Ընդհանուր առմամբ, 3 տարվա ընթացքում պետք է ներդրվի, բայց առաջին փուլը վերաբերում է միայն այսօր պետպատվեր ստացող և սոցիալական խմբերում ներառված քաղաքացիներին ապահովագրելուն։
Փաթեթում ամրագրված է, որ թոշակառուների խմբի ապահովագրումն իրականացվելու է պետական միջոցներից: Այո՛, պետությունն իր վրա է վերցնելու այդ ֆինանսական բեռը»։
Նախարարը նշել է, որ նպատակը քաղաքացիների ապահովագրված լինելն է. «Երբ ունենան կանխարգելման, սքրինինգի, հետազոտման, վիրահատության կարիք, ստիպված չլինեն այդ պահին վճարել, այլ փոքր վճարումներով ապահովեն դա»։