Գործադիրը բավարարել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը զբաղվում է Պեպսի ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ 2021 թ. ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել ՊեպսիԿո համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։
Ընկերությունը նաև ստեղծել է իր սեփական ապրանքանիշերը՝ Մաքս Փաուեր էներգետիկ ըմպելիքներ, Մաքս սառը սուրճեր և Ֆրուտետտո լիմոնադներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։
Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքի արժեքը կազմում է 26 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.9 մլն դրամ։