Հասարակություն

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմամբ մեկնարկել է ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը, որի նպատակն է ծրագրի առաջընթացի գնահատումը։ Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության հանձնառությունը՝ ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում:

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքին և երկուստեք պատրաստակամություն հայտնել ամրապնդել գործընկերային հարաբերությունները: Նախարարը կարևորել է պահուստային ծրագրի, ինչպես նաև դրա ներքո նախատեսվող առանձին կառուցվածքային բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության ու տնտեսական երկարաժամկետ զարգացման գործում։