«Օտարերկրյա քաղաքական գործիչներից մասնավոր հրավիրյալներ չունենք։ Բնականաբար, հրավիրված են Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարները». այսօր հրավիրված ասուլիսին ասաց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի հարցին, թե այլ երկրների հոգևոր կենտրոններից կամ աշխարհիկ առաջնորդներից ովքեր են մասնակցելու Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողություններին։ Հարցն առնչվում էր, մասնավորապես, բելառուսական կողմից հրավիրվածներին՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի կողմից հայերի մասին վերջերս հնչեցրած հայտարարությունները։
«Չգիտեմ՝ ինչու առանձնացրիք Բելառուսի մասը։ Մենք որևէ նախագահի չենք հրավիրել, բայց քանի որ Բելառուսից ռեզիդենտ դեսպան կա Հայաստանում, և քանի որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները դեռևս ոչ սառեցված են, ոչ էլ՝ դադարեցված, բնականաբար, Բելառուսի դեսպանը ևս հրավիրված է»,- ասաց նա։
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ այս միջոցառումներին հրավիրված են մեծ թվով հյուրեր, ինչպես նաև հոգևոր այրեր, քրիստոնեական տարբեր երկրների քույր եկեղեցիների, ընդհուպ՝ սկանդինավյան երկրների բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ։
Հայկ Մագոյան