Այսօր Հայաստանի Հանրապետության առանցքային դեմքերից մեկի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է. կլրանար նրա 80-ամյակը։
Արարքցյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևանում։ Նրա նախնիները Վան քաղաքից են։
Մաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, դոցենտ։ Մասնագիտությամբ աշխատել է տարբեր հիմնարկներում, նաև դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Հեղինակել է մի քանի տասնյակ գիտական աշխատություններ, դասագրքեր։
Նա 1988 թ. փետրվարից ծայր առած Ղարաբաղյան շարժման առաջին օրերից եղել է Ազատության հրապարակում, ներգրավվելով կազմակերպչական աշխատանքներին։ Նույն թվականի մայիսի վերջերից ընդգրկվել է համաժողովրդական շարժումը ղեկավարող «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի»՝ «Ղարաբաղ» կոմիտեի կազմում։
Շարժման օրերին, նաև՝ հետագայում նորանկախ պետությունում Արարքցյանը եղել է ամենավտանգավոր ու բարդ իրադարձությունների կիզակետում։
1988 թ. հուլիսի 5-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր զարգացումները կանխելու համար` Կոմիտեի այլ անդամների հետ, այստեղ էր նաև Բաբկեն Արարքցյանը։
1988թ. դեկտեմբերին Արարքցյանը Կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվեց ու տեղափոխվեց Մոսկվա։ Շուրջ վեց ամիս մոսկովյան ամենախիստ ռեժիմի բանտերում անցկացնելուց հետո, խորհրդային իշխանությունը 1989 թ. մայիսի վերջին ստիպված էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Վերադառնալով Երևան, Կոմիտեի անդամները նոր թափ հաղորդեցին Շարժմանը։
1989 թ. թվականի աշնանը դեպի Արցախ շինարարական նյութերի ու տեխնիկայի տեղափոխումը։ Երկու շարասյուներից մեկը՝ 300 բեռնատար մեքենաներով, տեղական իշխանության և խորհրդային զինվորականների հարուցած խոչընդոտները հաղթահարելով, Ստեփանակերտ հասավ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ։
Երասխում տեղի ունեցավ առաջին լուրջ զինված ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ։ Հակառակորդի դեմ մոտ մեկ շաբաթ կռվի բռնված երկրապահ ջոկատների գործողությունները «Ղարաբաղ» կոմիտեի կողմից համակարգում էր Բաբկեն Արարքցյանը։ Իսկ ճակատամարտի ավարտից հետո նա էր երեք բանագնացներից մեկը՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով ադրբեջանական կողմի հետ բանակցություններում։
Լևոն Տեր-Պետրոսյանի ԳԽ նախագահ ընտրվելուց հետո` օգոստոսի 6-ին Բաբկեն Արարքցյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1991 թ. դեկտեմբերին՝ նախագահական համակարգի հաստատումից հետո, նա ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։
1991 թ. ապրիլից ԽՍՀՄ իշխանությունը` Ադրբեջանի հետ միասին, Լեռնային Ղարաբաղում ու հարակից հայաբնակ շրջաններում սկսեց, այսպես կոչված, «Կոլցո» ռազմական գործողությունը՝ հայ բնակչությանը բռնագաղթի ենթարկելու նպատակով։ Միայն ջոկատներով դրան դիմակայելն անհնար պիտի լիներ, եթե չլիներ նաև դիվանագիտական աշխատանքը՝ ստանալու համար միջազգային հանրության, աշխարհի խոշոր երկրների աջակցությունը: Այս գործում ևս Բաբկեն Արարքցյանն ունեցավ իր նպաստը. արդյունավետ էին նրա այցը Ֆրանսիա մայիսի 7-ին, նրա հանդիպումները քաղաքական ուժերի ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նույն թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայում կատարվեց պետական հեղաշրջում (ԳԿՉՊ), իշխանությունը զավթած հետադիմական ուժերը շատ վճռական էին տրամադրված հատկապես անկախության և ժողովրդավարական ուղին բռնած հանրապետությունների ու շարժումների դեմ։ Հայաստանը կարող էր լինել առաջին թիրախներից մեկը։ Արցախի Հաթերք գյուղում տեղի բնակիչների կողմից պատանդ էին վերցվել ռուս զինվորներ, և դա շատ հարմար առիթ կարող էր լինել հարվածի տակ ընկնելու համար։ Միջադեպը հարթվեց հենց օգոստոսի 19-ին՝ այդ նպատակով այստեղ ժամանած ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանի ջանքերով:
1991-ին ամենապատասխանատու խնդիրը Անկախության հանրաքվեի անցկացումն էր։ Կազմակերպչական և նախապատրաստական ամբողջ աշխատանքը ղեկավարել էր Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Անկախության հանրաքվեն անցավ բացառիկ կազմակերպված և համաժողովրդական մեծագույն ոգևորության պայմաններում՝ արժանանալով նաև միջազգային հանրության բարձր գնահատականին:
Բաբկեն Արարքցյանի անվան հետ է կապված Հայաստանի արտաքին քաղաքական ամենանշանակալից նվաճումներից մեկը՝ Ղարաբաղյան պատերազմում հաստատված զինադադարը՝ հայկական կողմի համար ամենաշահեկան իրավիճակում։ 1994 թ. մայիսին նա էր ղեկավարում հայաստանյան պատվիրակությունը Բիշքեկում, որտեղ Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ պետք է լուծվեր Ղարաբաղյան պատերազմում կրակի դադարեցման, զինադադարի հաստատման հարցը։
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ ընտրվելուց հետո Բաբկեն Արարքցյանը գլխավորեց Գերագույն խորհուրդը, ապա՝ 1995թ. ձևավորված Հայաստանի առաջին Ազգային ժողովը։ Եւ այդ ընթացքում օրենսդիր մարմնին էր վերապահված մշակելու և ընդունելու նոր հիմնադրված պետության համար ամենաառանցքային օրենքները։
1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո նախագահ Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական ներկայացրեց նաև Բաբկեն Արարքցյանը։
Հետագայում՝ պատգամավորական լիազորությունների ավարտից հետո, Արարքցյանը հիմնադրեց ու ղեկավարեց «Արմատ» հաստարակական կազմակերպությունը։
Բաբկեն Արարքցյանը մահացավ 2023թ. դեկտեմբերի 12-ին։
Պատրաստեց Արման Գալոյանը