Սեպտեմբերի 13-ին, «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց թվով 10 կովկասյան ազնվացեղ եղջերու։ 2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում։
Դեռևս 1950-ական թվականներից Հայաստանից իսպառ վերացած ազնվացեղ եղջերուն 2018-ին վերադարձավ Հայաստան, երբ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։
Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը: Տարիների ընթացքում կենտրում գտնվող կենդանիների թվաքանակը եռապատկվեց, ինչին հետևեց 2022 թվականին դրանց առաջին փորձնական խմբի (կազմված 3 առանձնյակից) արձակումը բնություն։