Մշակույթ

Բրյուսելում տեղի է ունեցել Արցախին նվիրված երաժշտական ​​երեկո

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական ​​երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին և արցախահայությանը։ Բրյուսելում երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշել է, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաև վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։ 

«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում և վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որևէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել և տեղում տեսնել իրավիճակը։ 

Այս աշխարհաքաղաքական տարածքի մյուս կարևոր արժեքն արցախցին է։ Նրանք լքել են իրենց հայրենիքն ու այսօր ապրում են Հայաստանում ու արտերկրում։ Արցախցին հազարամյա մշակույթի, բարբառի ու ավանդույթների կրողն է, որոնք այսօր վտանգված են, որովհետև արցախցիները հնարավորություն չունեն միասին համապարփակ ապրելու։ Արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հող, միայն ու միայն պայմանով՝ չլինել Ադրբեջանի վերահսկողության տակ և ունենալ միջազգային անվտանգային երաշխիքներ։ Մեր ժողովուրդը տեղահանվել և ցեղասպանվել է, և  ունի վերադառնալու բոլոր իրավունքները»,- նշել է Վրթանես Աբրահամյանը։ 

Թեմի առաջնորդի ելույթին հաջորդել է երաժշտական երեկո՝ դաշնակահարուհի Լորենս Անահիտ Մխիթարյանի, օպերային երգչուհի Մարիա Աբայան Շամբերի և դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյին ներկա էին բելգահայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ։ Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի և մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։