Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքից, տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքից։
Մարտի 1-ի գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել էր Վճռաբեկ դատարանի դիմումը։ Ըստ այդմ, 1998 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կայացվել էր 2021թ․ ապրիլի 16-ի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ 2021թ․ նոյեմբերի 26-ին։
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: