Սեպտեմբերի 12-ին Երևանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:
Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչև 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման և միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:
Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ աշխարհը բախվում է տարբեր ճգնաժամերի՝ հակամարտություններ, համավարակի հետևանքներ, կլիմայի փոփոխություն. սա մեծապես ազդում է և հաճախ ոչ համամասնական ձևով: Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ համաժողովի նպատակն է միմյանց հետ աշխատել: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համաժողովին մասնակցում է ավելի քան 60 երկրից 150-ից ավելի երիտասարդ խորհրդարանական, խորհրդարանների 4 խոսնակներ, ինչպես նաև աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
Երիտասարդներին տեսաուղերձով դիմել է Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը:
Դիլիջանի միջազգային դպրոցի ուսուցիչ, նախկին փախստական Նուր Մուսսան, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրել է իր անցած ճանապարհը, խոսել կրթության ոլորտում ձեռքբերումների մասին:
Համաժողովի առաջին նիստում պատգամավորները քննարկել են «Հետհաշվարկ մինչև 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեման:
Նիստը նախագահել է Տոնգայի խորհրդարանի նախագահ Լորդ Ֆակաֆանուան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական Ֆելիպե Պոլիեն կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ նշելով, որ կրթության ոլորտում անհավասարությունները շարունակում են արդիական մնալ ամբողջ աշխարհում: Նշվել է, որ շատ երկրներ բարելավել են իրենց ուսանողների ներգրավման մակարդակը, սակայն մարտահրավերները՝ գենդերային անհավասարությունը, տարածաշրջանային անհավասարությունները և այլ՝ ոչ համարժեք ենթակառուցվածքները, թույլ չեն տալիս ունենալ համապատասխան կրթական հասանելիություն: Զեկուցողը հավելել է, որ կորոնավիրուսային համաճարակն ավելի է սրել այս իրավիճակը. շատ դեռահասներ և երեխաներ համաճարակի հետևանքով կորցրել են կրթվելու իրենց հնարավորությունը: Հինգ երիտասարդներից մեկը ետ կամ դուրս է մնում կրթությունից, զբաղվածությունից կամ վերապատրաստումներից: Նշված հինգից գոնե երկուսը կանայք են, ինչն արդար չէ»,- ընդգծել է զեկուցողը: Կարևորվել է կրթության ուժեղացումն ու գործազրկության կրճատումը:
«Ես հորդորում եմ ձեզ ոչ միայն լսել, այլև ակտիվ կերպով ստեղծել իրավիճակներ, հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են ստեղծել շատ ավելի լավ աշխարհ մեզ համար»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է զեկուցողը:
Երիտասարդների զբաղվածության համաշխարհային մարտահրավերներին անդրադարձել են համաժողովի մասնակիցները: ԱՄԿ-ի թիմի տնօրեն Միխայիլ Պուշկինի տեղեկացմամբ աշխարհում երիտասարդների գործազրկությունը 13 տոկոսի է հասել: Ակտիվորեն, սակայն ոչ հաջողությամբ, աշխատանք են փնտրում շուրջ 65 մլն երիտասարդներ:
Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ֆելիպե Պոլիեին՝ համաժողովին մասնակցելու համար: «Շնորհակալ եմ Ձեր գրասենյակի ջանքերին: Նոր գրասենյակի ստեղծումը ՄԱԿ-ի շրջանակում ցույց է տալիս, որ կա համաշխարհային հանձնառություն՝ աշխատելու երիտասարդների խնդիրների շուրջ ավելի ինտեգրացված և ամբողջական: Հայաստանն աջակցում է այդ ջանքերին»,- ասել է նա՝ ընդգծելով յուրաքանչյուր երիտասարդի՝ որակյալ և ներառական կրթություն ստանալու իրավունքը: Դա շատ կարևոր է մարդկային կապիտալի զարգացման և հավասար հնարավորություններ ապահովելու համար:
Պանելային ձևաչափով քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում արձանագրված առաջընթացները, կարևորել որակյալ կրթությունն ու արժանապատիվ աշխատանք ունենալու հանգամանքը, խոսել մարտահրավերների, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի, ներառական կրթության մասին:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով նոր սերնդի մի շարք դրական հատկանիշներն ու հետաքրքրությունների շրջանակը, նշել է, որ կրթությունը պետք է լինի ճկուն, պետք է կենտրոնանա քննադատորեն մտածելու, գիտելիքներն իրական կյանքում կիրարկելու վրա: Նա նշել է, որ կրթությանը վերաբերող ՀՀ պետական ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, մրցակցային կրթական համակարգ՝ հիմնված միջազգային և համընդհանուր համամարդկային արժեքների վրա: Ծովինար Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է տեղեկություններ Ակադեմիական քաղաքի ստեղծման, կառուցման վերաբերյալ՝ որպես ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը շարունակում է աշխատանքը: