Հասարակություն

Առուշ Առուշանյանն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը, փոխարինվեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանից։

Ինքը՝ Առուշանյանը դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Սա ինձ համար ոչ մի բան է։ Մենք մեր գաղափարների, սկզբունքների համար, մեր հայրենիքի համար մեր կյանքն ենք պատրաստ տալ։ Մնացածը՝ 1 տարի 8 ամիսը, հումորով ասեմ, «շակալադնի» է»։

Կբողոքարկեն, թե ոչ, Առուշանյանը նշել է, թե փաստաբանները կորոշեն. «Ես իմ տեսակով բողոքական չեմ»։

ՀՀ արդարադատության նախարարությունն էլ այս կապակցությամբ հայտնել է. «Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվ 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:

Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը:

Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») և միջնորդություն էր ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ»:

Հայկ Մագոյան