ԱԺ նիստում, երբ քննարկվում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են տարբերելու՝ գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր է եղել, թե՞ անփութության կամ սխալմունքի հետևանքով։
ԱԱԾ փոխտնօրենը նշեց, որ ԱԱԾ-ն է հանդիսանում գաղտնիություն ապահովող մարմինը. «Կոնկրետ դեպքերով իրավակիրառողը կգնահատի՝ վարչական իրավախախտումը կատարվել է դիտավորությամբ, թե անզգուշությամբ՝ կապված կոնկրետ արարքի իրավախախտման բնույթից և վտանգավորության աստիճանից, դա կատարողի անձն անհատականացնող տվյալներից ելնելով՝ հարաբերական որոշակի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատասխանատվությունն անհատականացնող տույժի տեսակ կկիրառվի»։
Նշենք, որ ըստ նախագծի առաջարկվում է բարձրացնել տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի մակարդակը, նվազեցնելով գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները։ Առաջարկվում էօրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է ԱԱԾ-ին` միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը: