ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևանում 55-ամյա կնոջ առևանգման դեպքի մասին։
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 անձ և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվել է հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսել են հանցագործության բացահայտման աշխատանքները։ Իրավապահները հաստատել են, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվել է հաջորդ օրը:
«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատել «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով էին: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,- ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:
Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացել է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:
«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:
Մասնավորապես, պարզվել է, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին, կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում:
Ճշտվել է, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվել է նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:
«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,- ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:
Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվել է, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:
Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերել է մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխել ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվել է կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:
Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը: Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։