Հասարակություն

Մինչև 18 տարեկանները ինքնագլորները կվարեն սահմանված վայրերում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է. «Մեր առօրյայում, հատկապես վերջին տարիներին, ավելացել է անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների քանակն ու գործարկումը: Ոլորտը կանոնակարգված չի եղել»:

Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է «անհատական շարժունակության տրանսպորտային միջոց» հասկացությունը, ինչպիսին պետք է լինի դրանց հիմնական բնութագիրը, կահավորումը: Ըստ նախաձեռնության` 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.  «Առանձնացվել է մինչև 18 տարեկանների և 18 տարեկանից բարձր խմբերը, որոնց համար սահմանվել են համապատասխան վայրեր՝ տվյալ միջոցից օգտվելու համար: Մինչև 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր՝ բացառապես ՏԻՄ-ի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են: Այսինքն՝ մինչև 18 տարեկան անձինք դա կարող են վարել միայն ավագանու կողմից հաստատված հատուկ տարածքներում: Իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են այն երթևեկելի մասերը, տարածքները՝ սկսած հեծանվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծերով, որոնցից կարող են օգտվել»,-ասել է փոխնախարարը:

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար Վարչական օրենսգրքով առաջարկվել է սահմանել մի շարք տուգանքներ: «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ կանոնակարգել ոլորտը»,- ասել է հիմնական զեկուցողը` առաջարկելով ընդունել նախագիծը: Դավիթ Համբարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ ոլորտն իրականացվող հսկողության և համապատասխան վարչարարության կիրառման, մոպեդների պետհամարանիշների բացակայության վերաբերյալ: