Հասարակություն

Հայկական ընկերությունների համար կստեղծվեն համագործակցության նոր եզրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է Armenia Expo 2024 23-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։

Ողջունելով մասնակիցներին՝ Սևակ Միքայելյանը համոզմունք է հայտնել, որ այս ցուցահանդեսը հայկական ընկերությունների համար կստեղծի համագործակցության նոր եզրեր գտնելու և գործընկերների հետ նոր պայմանագրեր կնքելու նոր հնարավորություններ։

Armenia Expo 2024 ցուցահանդեսային ֆորումը տարածաշրջանային խոշորագույն միջոցառում է, որին մասնակցում են տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող հայկական և արտասահմանյան ընկերություններ։

Ամեն տարի ցուցահանդեսը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին մեկ հարթակի շուրջ՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։

Armenia Expo-ն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ գործող ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի մասին, գտնել շահութաբեր բիզնես գործընկեր կամ օտարերկրյա ներդրող և նպաստել հաջող մարքեթինգին:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos expo Center ցուցահանդեսային ընկերությունը։