Հասարակություն

ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրինագծում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, բարձրացվում է գաղտնիության ռեժիմի ապահովումը։

Առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:

Կառավարության ներկայացուցչի խոսքով ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք: Նշվել է, որ տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:

Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: Օրենսգրքում հաջորդ լրացմամբ կհստակեցվի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը գլոբալ խնդիրներ չնշելով՝ փաստել է, որ գործող կարգավորումներով ԱԱԾ-ն մասնավոր կամ հանրային իշխանության մարմիններից մեկի մոտ գաղտնիության ռեժիմի խախտում հայտնաբերելիս սահմանափակվում էր բանավոր նախազգուշացմամբ: Ներգործության այլ միջոց չկար, որը կարող էր ամրապնդել այդ խնդրի՝ չկրկնվելու հանգամանքը, ինչն էլ իր հերթին կարող էր հետագայում գաղտնիության արտահոսքի պայմաններ ստեղծել: