Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում: Այն բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, հարակից տապանաբակից, օժանդակ շինություններից: Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է 14-րդ դ. սկզբով՝ կառուցված է սպիտակ, սրբատաշ ավազաքարով, որից էլ առաջացել է ժողովրդական անունը՝ Սպիտակ վանք, հայտնում է հնագիտության և ազգագրության ինստիտուտը։
«Պեղումների ուշագրավ արդյունքներից է նորահայտ եկեղեցին, որը բացվել է Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում: Նորահայտ եկեղեցու պատերը պահպանվել են գրեթե 1.5 մ բարձրությամբ, խորանին իր տեղում հայտնաբերվել է Սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատին՝ մկրտության ավազանը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ տապանաքարեր, որոնցից որոշները կրում եմ մարդու սխեմատիկ պատկերներ, ինչը բնորոշ է 13-14-րդ դդ., ինչպես նաև մեկ մոնղոլական դրամ»,- ասված է հայտարարությունում: