ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է էլեկտրամատակարարման խնդրին՝ նշելով, թե պրոբլեմը խորանում է․
«Ակնկալում եմ, նախ, բացատրություններ, թե ինչու է այդպես։ Բացի այդ, մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք էլեկտրամատակարարման որակի հարցերը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, պրոբլեմը խորանում է։ Մենք կարող ենք ասել՝ շատ լավ, մեկ-երկու, խնդիրը կկարգավորվի։ Բայց իմ կարծիքով՝ գնում ենք հակառակ ուղղությամբ, պրոբլեմի խորացման ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ՏԿԵ նախարարությունից ու ՀԾԿՀ-ից ակնկալում է հստակ ծրագիր։
Նա շեշտել է, որ Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր․ «Այս համատեքստում ակնհայտ է՝ մեր ենթակառուցվածքները զարգացման տեմպի հետ խնդիր ունեն․ ճեղքվածք կա։ Դա վերաբերում է ջրին, ճանապարհներին, էլեկտրական հոսանքին։ Գազի հետ կապված, ոնց որ, շատ, թե քիչ նորմալ վիճակ է»։