Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի մոտ 2 անձ, ովքեր կրել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստ, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել են ՀՀ ՆԳՆ։ Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ առևանգվածն ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է, և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են նրանց ընտանիքի մասին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, առևանգողների ինքնությունը ճշտելու, նրանց և առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ։
Նշվում է, որ Լուսինե Մ․-ին առևանգել են այն ժամանակ, երբ նա փորձել է նստել իր ավտոմեքենան։ Նշված լողավազանի տարածքում հայտնաբերվել է առևանգվածի BMW X5-ը։