Հասարակություն

Բուժաշխատողները պարտադիր դասընթացների կմասնակցեն

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ասել է, թե բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: Իսկ նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության կողմից:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ պարտադիր դասընթաց են համարվելու արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ, օրինակ՝ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները: Կառավարությունը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների ցանկ: Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Բացի այդ, բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առցանց մասնակցելու արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնց մասնակցության վճարը Կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում կփոխհատուցվի: