ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձին (պացիենտին) իրավունք տալ մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Սակայն նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը լրացուցիչ պայմաններ են սահմանում անգործունակ ճանաչված անձի եւ երեխայի համար, առանց տարիքային հստակեցման: ՀՀ օրենսդրությամբ երեխա է համարվում մինչեւ 18 տարեկան անձը, սակայն նույն օրենսդրությամբ 16 տարին լրացած անձը բազմաթիվ իրավասություններ ունի աշխատանքային հարաբերությունների, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինքնուրույն ապրելու, զինվորական հաշվառման անցնելու, առանձին դեպքերում ամուսնանալու հարցում: