Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում՝ սահմանելով, որ այսուհետև ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առաջ տեղադրվեն համացանցում՝ ԿԸՀ և ՆԳՆ էջերում։
ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը մեկնաբանել է, որ այս քայլին գնում են, որպեսզի պետբյուջեն թղթային ծառայությունների համար մեծ ծախսեր չկրի. «Արդեն համացանցային փնտրման հնարավորությամբ այս տեղեկությունները հասանելի են։ Զուտ մի օրինակ բերեմ՝ 2023թ. պետբյուջեից Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այս ծանուցումների վրա ծախսվել է 270 մլն դրամից ավելի գումար, այսինքն, պետբյուջեն ահռելի ծախսեր է կրում, որոնք անհրաժեշտ չեն և, ինչպես հետազոտություններն են ցույց տվել, էականորեն չեն ազդում ընտրողների մասնակցության վրա»։