Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցում է Միջազգային դեղագործական ցուցահանդեսին «iPHEX» (iPHEX International Pharmaceutical Exhibition)։
Հնդկաստանի կառավարության և Դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի (Pharmexcil) կազմակերպած միջացառումը միավորել է բազմաթիվ դեղագործական ընկերությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների ամբողջ աշխարհից` բացահայտելու նորարարությունները և ընդլայնելու փոխգործակցության շրջանակները։
Իր ելույթում կարևորելով Հնդկաստանի հետ համագործակցության երկարամյա փորձը` Լենա Նանուշյանն անդրադարձել է կյանքեր փրկելու և «առողջության բոլորի համար» գերակա նպատակին հասնելու ընդհանուր հանձնառությանը:
Որպես Հայաստանի 2020-2050թթ. վերափոխման ռազմավարության կարևոր առաջնահերթություն` նա ներկայացրել է առողջապահական համապարփակ բարեփոխումների ուղղությամբ Կառավարության կարևոր քայլերը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում դեղերի ոլորտի կարգավորումներին` որպես կարևորագույն ոլորտի` ուղղված անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի ապահովման միջոցով ազգային դեղերի քաղաքականության իրականացմանը և ծառայությունների հասանելիությանը:
Ելույթի ավարտին Լենա Նանուշյանը վստահեցրել է, որ կողմերի միջև կառուցողական երկխոսությունների միջոցով կհաջողվի առաջ շարժվել և որակյալ առողջապահական ծառայություններ մատուցել մեր երկրների քաղաքացիներին:
«Մենք բաց ենք միջազգային գործընկերների, այդ թվում` հնդիկ գործընկերների հետ սերտ համագործակցության համար` արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղեր Հայաստան բերելու տեսանկյունից»։