Հասարակություն

«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել». Հրայր Թովմասյանի պաշտպան

«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է քրեական դատավարության օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել: Իրեն հարմար նորմերն օգտագործում է, ու երբ ուրիշները փորձում են հղում անել իրենց հարմար նորմերի վրա, դիտվում է, որ այստեղ չարաշահում է և այլն». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ պարզաբանելով, թե իրավաչա՞փ է արդյոք ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու՝ դատավորի այսօրվա որոշումը։

Թովմասյանի պաշտպանը ներկայացրել է տեղի ունեցածը. «Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է վարույթից, Թովմասյանին չի ծանուցել հեռացնելուց հետո տեղի ունեցած նիստերի մասին, նաև ինձ չի ծանուցվել։ Հրայր Թովմասյանը որևէ կերպ տեղեկացված չի եղել՝ իր 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՞ ոչ»։

Նրա դիտարկմամբ՝ դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց տեղի չի ունեցել, ու փոստով չի ծանուցվել։