Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական ակտ, որի երեք հատվածներից մեկի հետ Գորիսի քաղաքապետը համաձայն չի եղել։ Խոսքը նրա կողմից պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին է։
Մինասյանի խոսքով՝ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ՝ համաձայնվել․
«Ներկայացրել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա․ ընթացիկ դատական գործ կա, ուստի հատուկ կարծիք չասեմ»։
Մինասյանը հորդորեց սպասել առաջիկա նիստին։
Նախարարն ասաց, որ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ. «Այստեղ 2 տարբերակ կա՝ կամ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կամ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնել»։