Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առաջիկայում կներդնեն դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ․
«Նախարարին իմ վերջին մի քանի չնախատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություն եմ ստացել դպրոցից։ Շատ լուրջ և մեծ խնդիրներ կան։ Մենք մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր և այլն, տանում, կախում ենք երեխաների վզից։ Չի կարելի նման բան անել։ Պետք է թողնել, որ երեխաներն ինքնուրույն ձևավորվեն։ Պետք չի նրանց մտցնել սև արկղերի մեջ․ մենք պետք է դա ապահովենք»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարարն էլ հավելել է, որ եթե կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության, ինքնուրույն մտածողության նպատակ է դրվում, միջավայրն էլ պետք է այդպիսին լինի. «Դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ ճկուն միջավայրը ապահովել»,- ասել է Անդրեասյանը։
Վարչապետը կարևորել է դպրոցական գույքի պահպանումը. «Մեր նորակառույց շենքերը շատ թե քիչ գունեղ են, հետո կամաց-կամաց, արևի ու անձրևի, կարկուտի, շոգի ու ցրտի հետ գունազրկվում են։ Ու այդպես, մինչև շենքը կորցնի սեյսմակայունությունը։ Մի անգամ բացինք, լավ էր, գունեղ էր, բայց էդ ամենը պետք է թարմացվի։ Սա սպասարկման կարևոր մաս է։ Դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ։ Հիմա ժանգոտ չի, բայց եթե մի քանի տարի չներկվի, կդառնա ժանգոտ»։