Կիրանցում նոր դպրոց կկառուցվի. կառավարության որոշմամբ գյուղի՝ 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։
Գյուղի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանազատման ու սահմանագծման վերջին աշխատանքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե գյուղացիներին անվտանգության երաշխիքները բավարար չթվան, հարկ եղած դեպքում նորը կկառուցեն. «Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, և այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,- ասել էր նա։