Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2018թ. առ այսօր ստեղծվել է 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնի» ամրոցը, Սմբատաբերդը, «Դաշտադեմ» ամրոցը», «Մայրաքաղաք Դվինը», «Աղձքը», «Արտաշատ մայրաքաղաքը»։
Նրա խոսքով՝ սա շարունակական ընթացք է ունենալու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրանց վերականգնումն ու պահպանումը. «Պետբյուջեի միջոցներից մենք պատմամշակութային հուշարձաններին աննախադեպ բյուջետային ֆինանսավորում ենք իրականացրել, բայց այս հարցի շուրջ քննարկելիս մեր մտածողության շերտերի հետ ենք առնչվում։ Հուշարձանների մասին խոսելիս ասում ենք՝ ազգային արժեք է, պետական հարստություն է․ ճիշտ ենք ասում։ Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչու՞ եկամուտ չեն բերում պետությանը»։
Նրա խոսքով՝ այս որոշումներով երեք զուգահեռ հարց է լուծվում, այդ թվում՝ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորության ստեղծումը։