Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը մահացել է

Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Աշոտ Կնյազյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քրեակատարողական ծառայությունից։

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- հայտնեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։

Նշենք՝ Կնյազյանը հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից մեկն էր։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ստացվել է դատապարտյալի մահվան վերաբերյալ հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն․ «ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մի շարք անձինք։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Հայկ Մագոյան