Հասարակություն

Գևորգ Պապոյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա

Գևորգ Պապոյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 23-ին այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին և արտադրվող տեսականուն։

«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, ՌԴ)՝ կատարելով հանրահայտ ընկերությունների պատվերներ (Kübler, Bétrancourt, CARINTHIA, Bierbaum-Proenen, CWS-boco, DARBBAGS, «Lady & Gentleman City» և այլ): Արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։ Ընկերությունն ունի 2615 աշխատակից։

Ընկերությունում շրջայցի ընթացքում քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագրին, որն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական