Radar Armenia-ի «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի հերթական կանգառը Արմավիրի մարզն է։
Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք է գտնվում Մեծամոր քաղաքը։ Մեծամորի շրջակայքում են գտնվում Հայկական ատոմային էլեկտրակայանը և հնագիտական արգելոց-թանգարանը։ Քաղաքի տարածքում գործում է մշակույթի տուն, Ազնավուրի անվ․ արվեստի դպրոցը, հանրային գրադարանը։
2022թ․ Մեծամորում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարան։ Այնտեղ եղել են տղամարդու և կնոջ մասունքներ՝ ոսկե, բրոնզե, անագե և կիսաթանկարժեք քարերից զարդերով, գտնվել է նաև մի քանի կերամիկական տարա։
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք՝ Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:
Արմավիրի մարզի այցեքարտերից է Սարդարապատ հուշահամալիրը՝ նվիրված 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրքերի դեմ մղված պատմական ճակատամարտին: Հենց ճակատամարտի վայրում կառուցվեց հուշահամալիրը, որը կազմավորում են թևավոր ցուլերը և հաղթական զանգերը: «Զանգակատունը», որի բարձրությունը 35 մ է, հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, երեք շարքով կախված զանգերից: Հանդիսավոր բացումը՝ 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրից ձախ կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որը նախագծել է հայ մեծանուն ճարտարապետ Ռ. Իսրայելյանը։
Մարզկենտրոն Արմավիր քաղաքը շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոններ․ մասնավորապես, մոտակա Մեծամորը, Արմավիրը, Արգիշտիխինիլին և այլն։ Ներկայումս Արմավիրը ունի մշակույթի տուն՝ հայտնի «Կարմիր ակումբ» անունով, որում գործում են երաժշտական և արվեստի դպրոցներ, 5 գրադարան, Արմավիրի դրամատիկական թատրոնը։
Հուլիսի 27-ին Արմավիր քաղաքում հանդիսավոր միջոցառմամբ բացվեցին քաղաքի գլխավոր շատրվանները։ Լուսաձայնային, լազերային գերժամանակակից շատրվանը կառուցվել է պետական համաֆինանսավորման ծրագրով։ Արմավիր քաղաքն այսուհետ ավելի շքեղ տեսքով կներկայանա արմավիրցիներին և հյուրերին՝ ամռան շոգ երեկոները զարդարելով շատրվանների լուսաձայնային ներկայացումներով:
Հայկ Մագոյան