Հասարակություն

Ուսանողին դանակահարած անձը սպանության կատարումը վերագրել էր իր ընկերոջը․ ՔԿ

Ուսանողին դանակահարած անձը սպանության կատարումը վերագրել էր իր ընկերոջը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ի, Հ.Ս.-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դանակով զինված, նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանից վրեժ լուծելու շարժառիթով, գնացել էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք:

Քոլեջի հարևանությամբ գործող սննդի կետի մոտ տեսնելով վերջինիս՝ Ա.Մ.-ն, հիշյալ անձանց հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սննդի կետի աշխատակիցների, հարակից բնակելի շենքի բնակիչների և նշված հատվածում գտնվող այլ անձանց անդորրը խախտելով, հայհոյելով, հարձակվել էր Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա և վերջինիս սպանելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի պատճառով երիտասարդն ընկել էր գետնին:

Այնուհետև Ա.Մ.-ն, Դ.Պ.-ն, Հ.Ս.-ն և խմբի կազմում գործող, դեռևս ինքնությունը չպարզված անձը շարունակել էին ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել տուժածի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին: Ստացած բազմաթիվ վնասվածքներից 17-ամյա երիտասարդը, դեպքից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր ներկայացվել այլ անձի, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում կիրառված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության իրական կատարողը. պարզվել էր, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, վարույթն իրականացնող մարմնին շփոթեցնելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել էր խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր ընկերոջը՝ այդկերպ փորձելով քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափել։

Քննությամբ հիմնավորվել էր, որ նշված օրը «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Ա.Մ.-ն էր իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև Դ․Պ․-ի հետ գնացել էին վերջինիս տուն և հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել այնտեղ։

Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից փոփոխվել է Ա.Մ.-ի և Դ.Պ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը և նոր քրեական հետապնդում հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նոր մեղադրանք է ներկայացվել։

Նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի և դեպքին մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական