Հասարակություն

«Ու՞ր գնալ հանգստանալու». Էջմիածին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Ու՞ր գնալ հանգստանալու». Էջմիածին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ճիշտ է` ամառային արձակուրդներին սիրում ենք զով վայրերում լինել, բայց սա այդ դեպքը չէ։ Օգոստոսը շուտով կավարտվի, արձակուրդներն էլ՝ հետը։ 

Radar Armenia-ի՝ «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի այս կանգառը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում է՝ Էջմիածնում։ Ճիշտ է՝ Վաղարշապատում զով չէ, բայց հանգստանալու համար հաճելի վայրերի պակաս չկա։ Էջմիածինը գտնվում է մայրաքաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա։

Եթե չեք եղել Էջմիածնում, անպայման այցելեք։ Ձեր այցը սկսեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Այստեղ է գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը, կան բազմաթիվ միջնադարյան շինություններ և պատմության, մշակույթի հուշարձաններ: Էջմիածնի մայր տաճարը, որը աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկն է, հիմնադրվել է մ.թ. 301-303թթ.: Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան՝ տաճարը տեսնելու համար։

Էջմիածնի վանական համալիրի գոհարներից է Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է 630-641 թվականներին։ Եկեղեցին իր անունն ստացել է ի պատիվ հռոմեական քրիստոնյա կույսերից մեկի, որոնք Տրդատ 3-րդ թագավորի հրամանով իրենց սաների հետ տանջվել են այդ վայրում։ 

Գայանե եկեղեցին սիրահար զույգերի ամենասիրելի վայրերից է։ Սրա մասին է վկայում այս եկեղեցում ամուսնություն արարողությունների մեծ քանակը։

Էջմիածին այցելելիս կարող եք այցել Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Շողակաթ եկեղեցիներ։ Սուրբ Հռիփսիմեն, որը հիմնադրվել է մ. թ. 618 թ., վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հոյակապ նմուշ է։ Իսկ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Եկեղեցու շենքը կառուցվել է այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր 6-7-րդ դարում կառուցված ավելի հին եկեղեցին։

Էջմիածնի ամենակոլորիտային վայրերից է «Մաչանենց տուրիզմ և արտ» թանգարանը, որը գտնվում է  քաղաքի կենտրոնում։ Այստեղ կարելի է ծանոթանալ հայկական արհեստների ավանդական տեսակներին, տեսնել տեղի վարպետների ստեղծագործությունները։ Տարածքում գործում է ռեստորան, որը ունի շատ համեղ խոհանոց։ Մաչանենց տանն անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, սիմպոզիումներ, անգամ՝ հայկական ավանդական հարսանիքներ։

Էջմիածնի այցեքարտերից է Զվարթնոց եռահարկ եզակի տաճարը, որը կառուցվել է մ.թ. 641-661թթ.՝ Ներսես 3-րդ Շինարար կաթողիկոսի հրամանով։  Զվարթնոցը գտնվում էր Էջմիածնից ոչ հեռու։ 10-րդ դարում տաճարի շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժից, իսկ դրա վերականգնումը սկսվել է միայն 20-րդ դարում։ 

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական