Հասարակություն

Հայկական հետքը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմության թանգարանում

Հայկական հետքը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմության թանգարանում

Երբ Չինաստանի դեսպանատան հրավերով մի խումբ լրագրողներով ու բլոգերներով մեկնել էինք Պեկին, չինացի գործընկերները ջանք ու եռանդ չէին խնայում, որ տեսնեինք մայրաքաղաքը, ծանոթանայինք նրանց մշակույթի, պատմության, ավանդույթների ու սովորությունների հետ։ 

Չինացիները հյուրընկալ ժողովուրդ են. սիրում են հյուրասիրել, սիրաշահել զբոսաշրջիկներին և հնարավորինս դրական տպավորություն թողնել։ 

Շատ հետաքրքիր վայրերում եղանք Չինաստանում, բայց երբեք չեմ մոռանա Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմության թանգարան այցը։ Պեկինում երկրորդ օրը՝ առավոտ շուտ, մեզ ուղեկցեցին դեպի Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմության թանգարան, որը գտնվում է Չաոյան թաղամասում: Եթե հիշողությունս չի դավաճանում, առավոտյան ժամը 8։50 էր, ու թանգարանից շուրջ 2 կմ հեռավորության վրա արդեն ասեղ գցելու տեղ չկար։ Հազարավոր չինացիներ հերթ էին կանգնել, որպեսզի այցելեն Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմության թանգարան։

Հայաստանից գնացած լրագրողիս համար զարմանալի էր, թե ի՞նչ կա այս թանգարանում, որ այսքան մարդ՝ այն էլ առավոտ շուտ, եկել է, որ թանգարան մտնի։ Ինչևէ։ Ներս մտնելու համար շուրջ 1-1,5 ժամ հերթ կանգնեցինք։ 

Բավականին մեծ թանգարան էր, որտեղ ներկայացված էր Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության պատմությունը. ցուցադրված էին ավելի քան 2500 նկար և շուրջ 3500 ցուցանմուշ: Դրանց թվում են պատմական փաստաթղթեր, զենքի նմուշներ, լուսանկարներ և այլն։

Բավական երկար պտտվեցինք, բազմաթիվ պատմություններ լսեցինք Չինաստանի մասին։ Երբ գրեթե ավարտում էինք թանգարան այցը, ցուցափեղկերից մեկում նկատեցինք հայկական մրգերով լի տարա, որի վրա հայերենով գրված էր. «Թումանյան. կ.խ. 1955․ Երևան»։ Աժիոտաժ սկսվեց խմբի անդամների մեջ։ Բոլորս սկսեցինք տարբեր կողմերից նկարել։ Չինաստանի նման մեծ երկրում հայկական հետք էինք գտել, ոգևորվել էինք։ Մեզ պատմեցին, որ այդ մրգով լի վազը Սովետական Հայաստանի նվերն է եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը։

Շուրջ 1,5 ամիս առաջ ենք վերադարձել Չինաստանից, բայց ամեն անգամ այդ լուսանկարները նայելիս՝ ջերմ զգացողություններ են արթնանում։ Հետաքրքիր է, որ Հայաստանից հեռու հայկական ամենափոքր բանն անգամ կարևոր է դառնում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական