Հասարակություն

«Ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ». Բադասյան

«Ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ». Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել քրեական օրենսգրքում, ըստ որի՝ հարկային պարտավորությունները չկատարած և պետությանը խոշոր վնաս պատճառած անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Բադասյանն ասաց, որ այս պահին հարկային օրենսգրքում կա մի պրակտիկա, որը լավ համբավ չունի. «Ասում է՝ եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես, բացահայտված մասով կվերականգնես գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մեր մոտ մրցակցային իրավիճակը խաթարված է։ Օրինակ, նույն շուկայում գործում են 2 տնտեսվարող սուբյեկտ, մեկը հարկային կարգապահության տեսանկյունից կարգապահ է գործում, վճարում է բոլոր հարկերը, մյուսը խուսափում է հարկերից։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրա փոքր մասը, և այդ տնտեսվարողն ասում է՝ շատ լավ, ես գումարը կվճարեմ և կազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Սա որքանո՞վ է արդար կարգապահ հարկ վճարողի նկատմամբ»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք առաջարկում են նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը, ֆիզիկական անձը շատ ավելի պաշտպանված է և գտնվում է ավելի լայն երաշխիքների դիրքում․ «Բացարձակ սուտ է այն պնդումը, թե բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը»։

Հարցին՝ արդա՞ր է արդյոք քրեական պատասխանատվության ենթարկել, ասենք, 10 մլն դրամի հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում, Բադասյանն ասաց. 

«Հաջորդ շահարկումը դա է։ Ասում են՝ 10 մլն և այլն։ Հիմա նայեք՝ գողության համար չափ չկա։ Այսինքն նորմա՞լ է, որ ֆիզիկական անձը ֆիզիկական անձից 1000 կամ 5000 դրամ է գողանում, դրա համար կա քրեական պատասխանատվություն, իսկ 10 մլն-ը, չգիտես ինչու, համարում ենք փոքր չափ։ Ամենամեծ շահարկումն այստեղ է, որ ասում են՝ պատահական կամ տեխնիկական սխալի պատճառով։ Պատահական, տեխնիկական և ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Այդպիսի հոդված չկա, այդպիսի պրակտիկա չկա, որ պատահական սխալի համար քրեական վարույթներ լինեն։ Հնարավոր չէ պատահական սխալով հանկարծակի առաջացնել միլիոնավոր դրամների հարկային պարտավորություն։ Բայց այդպիսի դեպքեր լինում է, որ տեխնիկական սխալ է և մեկնաբանության հարց է։ Դրանք ծանուցումներով և այլ գործիքակազմերով են լուծվում»։

Բադասյանն ասում է, որ այստեղ ողջամիտ հատված, ամեն դեպքում, կա, որ կարելի է տարբեր շեմեր նախատեսել և պատասխանատվության աստիճաններ, թե պետությանը որքան վնաս է տրվել, և, դրանով պայմանավորված, սանկցիաները փոխվեն․ «Սա կարելի է քննարկել։ Մենք՝ մեր հասարակական խորհրդում և բիզնեսների հետ հանդիպումներում, անպայման կքննարկենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական