Հասարակություն

Ու՞ր գնալ հանգստանալու. Վայոց ձոր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ու՞ր գնալ հանգստանալու. Վայոց ձոր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամառային արձակուրդների ավարտին հաշված օրեր են մնացել, և, բնականաբար, հանգստանալու վերջին հնարավորությունները պետք է բաց չթողնել և անպայման մեկնել հանգստի։ 

Այս անգամ Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում Վայոց ձորի տեսարժան վայրերը։ Ճիշտ է՝ այս մարզը Հայաստանի՝ տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից է, բայց տեսարժան վայրերի առումով ամենահարուստներից է։ 

Եթե որոշել եք ձեր հանգիստն անցկացնել Վայոց ձորում, անպայման խորհուրդ ենք տալիս այցելել Հերհերի ջրվեժ։ Այն մայրաքաղաքից 161 կմ հեռավորության վրա է, Հերհեր գյուղից 5 կմ հյուսիս՝ համանուն գետի վրա: Բնության սիրահարները կգնահատեն ջրվեժի գեղեցկությունը, քանի որ այն համարվում է Վայոց ձորի տպավորիչ ջրվեժներից մեկը: Ջրվեժի տակ խորը ավազան կա, որտեղ կարող եք լողալ:

Արփի-Մոզրով ճանապարհին է գտնվում Վայոց ձորի 3-րդ ամենամեծ քարանձավը՝ Մոզրովը, որն ունի 260 մ երկարություն: Քարանձավը հայտնաբերվել է 1980 թվականի աշնանը, երբ  ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ըստ հետազոտող փորձագետների՝ քարանձավը համաշխարհային նշանակության բնական հուշարձան է, որն իր մեջ ունի քարանձավային գոյացությունների տարբեր դրսևորումներ։

Վայոց ձորի Արփի գյուղի տարածքում է գտնվում Էրթիջի ամրոցը, որը միջնադարյան պաշտպանական կառույց է: Այն թվագրվում է 12-14 րդ դարերին: Ամրոցը գտնվում է մայրաքաղաքից 117 կմ հեռավորության վրա։ Էրթիջի ամրոցն ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր։

Բնության սիրահարներին կհետաքրքրի նաև Մագելի քարանձավը, որը գտնվում է Ուփի ձորում՝ Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին։ Մագելին մարզի՝ մեծությամբ երկրորդ քարանձավն է, իսկ, առհասարակ, Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի։ Հայտնի է նաև Մագիլ անունով։ 1980թ. քարանձավը հայտնաբերել է որսորդ Մագելան Առաքելյանը, որի անունով էլ ստացել է Մագելի անվանումը։

Եթե սիրում եք բարձրություններ նվաճել, առաջարկում ենք բարձրանալ Վարդաբլուր լեռ, որը  հայտնի է նաև Գայլի ականջներ անվամբ: Մինչև լեռան ստորոտը կան ճանապարհներ, որտեղ կարելի է հասնել ամենագնաց մեքենաներով։ Լեռան բարձրությունը 2455 մ է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական