Հասարակություն

Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները դիմել լիցենզավորման համար

Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները դիմել լիցենզավորման համար

1. Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները դիմել լիցենզավորման համար։
Տնտեսվարող սուբյեկտի տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am էլեկտրոնային համակարգ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Սկզբում «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» հատվածից անհրաժեշտ է ընտրել ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար։ Այնուհետև լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուր ներդիրի համար լրացնել առանձին հայտ։

2. Եթե կազմակերպությունն ունի կնքված պայմանագրեր կամ հաղթող է ճանաչվել գնումների գործընթացում կամ ունի քաղաքաշինական չավարտված ծրագրեր, կարո՞ղ է հին լիցենզիայով շարունակել գործունեությունը և չվերալիցենզավորվել մինչև սեպտեմբերի 17-ը։
Լիցենզիայի և ներդիրի գործողությունը համարվելու է դադարեցված նույնիսկ այն պարագայում, երբ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։
2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամիս անցումային ժամանակահատված է սահմանվել վերալիցենզավորման համար։ Ոլորտում գործող կազմակերպություններին տրվել է բավականաչափ ժամանակ մինչև սեպտեմբերի 17-ը լիցենզիայի դասակարգումը սահուն, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման կազմակերպելու համար։

3. Ի՞նչ սկզբունքով կարող է լիցենզիա ստանալ ոլորտ նոր մուտք գործող կազմակերպությունը։
Առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N 01) և շինարարության իրականացում (ծածկագիր N 03) գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N 02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N 04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր N 05) գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար: Սկսնակ կազմակերպությունը պետք է առաջնորդվի ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529 )։

4. Ո՞ր մասնագետները կարող են ներգրավվել հայտատուի կազմում:
Պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետները կարող են ներգրավվել, եթե առկա է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, որն ամրագրված է տվյալ մասնագետի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։ Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանք կատարողների տվյալները չեն արտացոլվում համակարգում։

5. Ինչպե՞ս պետք է հիմնավորել մեքենաների, մեխանիզմների ներգրավվածությունը։
Ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է կցել համապատասխան տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր:

6. Հավաստագրված պատասխանատու մասնագետը կարո՞ղ է հանդես գալ ինժեներատեխնիկական (ԻՏԱ) անձնակազմում:
Հավաստագրված մասնագետը չի կարող հանդես գալ նույն ընկերության համապատասխան ոլորտի ներդիրի ԻՏԱ կազմում:

7.Պարտադի՞ր է, որ հայտատուի ինժեներատեխնիկական անձնակազմում ընդգրկված մասնագետն ունենա ոլորտին համապատասխան որակավորում և լինի հավաստագրված:
Ո՛չ, պարտադիր չէ: Նա պետք է ունենա միայն բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն)՝ անկախ ոլորտից (ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2106-Ն որոշում, 1-ին հավելված, 10-րդ կետ, 3-րդ ենթակետ):

8. Լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշան 1-ին հավելվածի 10-րդ կետով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529 ):
Հարկ է նշել, որ urban.e-gov.am էլեկտրոնային հարթակը, համակցված լինելով տեղեկատվական այլ բազաների հետ, հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով արտացոլել և ստուգել մի շարք տվյալներ։

Որպես փաստաթուղթ կցվում են՝

  • կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները,
  • ոլորտից կախված՝ նաև մեքենաների, մեխանիզմների և տեխնիկական միջոցների, սարքավորումների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ), շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ, նյութեր:

9. Էլեկտրոնային լիցենզիայից բացի հնարավո՞ր է ունենալ լիցենզիայի թղթային տարբերակը։
Քաղաքաշինության կոմիտեն պատասխանատու մասնագետի հավաստագրի և տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի թղթային տարբերակներ չի տրամադրում. դրա անհրաժեշտությունը չկա։ Վավերականությունը հաստատվում է QR կոդով։

Լրացուցիչ հարցերի դապքում կարող եք դիմել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 812 և 011 621 730 հեռախոսահամարներով, իսկ տեխնիկական հարցերով՝ «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ՝ 010-58-59-80 կամ 0-8000-2020 հեռախոսահամարներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական