Հասարակություն

Ո՞ւր գնալ հանգստանալու. Արարատ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ո՞ւր գնալ հանգստանալու. Արարատ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ի «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի հերթական կանգառը Արարատի մարզում է։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է, իսկ Երևանից 48 կմ հեռավորության վրա  է գտնվում Արարատ քաղաքը։ Իսկ ի՞նչ տեսարժան վայրեր ունի Արարատի մարզը։ Եկեք միասին բացահայտենք։

Եվ այսպես․

Պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին` միջնաբերդի տեղում, այժմյան Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք գտնվում է Խոր Վիրապի վանքը: Ըստ պատմական վկայությունների՝ Խոր Վիրապում եկեղեցի է կառուցել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը /641-661թթ/: Մինչ օրս կանգուն մնացած մատուռը կառուցվել է 1661թ.: Խոր Վիրապի վանքը, սրբավայր լինելուց բացի, եղել է կրթության, գիտության հռչակավոր կենտրոն: Այստեղ գործել է առաջադիմական բարձրագույն դպրոց։ Խոր Վիրապի վանքը համարվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։

Արարատ այցելողներին կհետաքրքրի նաև միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները։ Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա տարածություն: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի և թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալ Դվինի գոյության ժամանակագրական պատկերը:

Բնության սիրահարները կարող են այցելել Խոսրովի արգելոց, որն ստեղծվել է 1958թ.՝ IV դ. Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից հիմնած անտառի տարածքում։ Արգելոցն զբաղեցնում է 29196 հա տարածք՝ ծովի մակերևույթից 850-2800մ բարձրության վրա։ Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 95 ընտանիքի 560 ցեղի շուրջ 1800 տեսակ և Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում: Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ:

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է X-XIII դդ․ «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը և թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած են XII-XIII դդ եկեղեցու ավերակները։ Վանք-ամրոցը շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ամրացված են շրջանաձև աշտարակներով:

Մարզ այցելելիս կարող եք այցելել Արարատ գյուղ, որտեղ գտնվում է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն թանգարանը։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական