Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ։
Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահմանմանն ուղղված ծրագրերի և օրենսդրական կարգավորումների մշակման շրջանակում համագործակցության հնարավորությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կոմիտեն ձեռնամուխ է եղել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակմանը, որի շրջանակում կարևորել է փորձագիտական աջակցությունն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը։ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը դիտարկվել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման շրջանակում։ Կարևորվել է գործնական հմտությունների և տեսական գիտելիքների ճիշտ համադրությամբ դասընթացների ծրագրի կազմումը։
Որպես համագործակցության մեկ այլ ուղղություն՝ քննարկվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծման գործում աջակցությունը։ Առաջարկվել է պիլոտային ծրագիր սկսել մեկ համայնքում։
ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրին ուրախությամբ փաստել է, որ ձևավորվել է կոմիտեի հետ գործակցության լայն օրակարգ։ Նա պատրաստակամություն է հայտնել կոմիտեին փոխանցելու ՄԱԶԾ կողմից էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում և բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ կատարված հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն օրենսդրական կարգավորումները մշակելիս։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել համատեղ աշխատանքի ձևաչափն ու ժամանակացույցը։