Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը գրել է, որ դատարանների բեռնաթափման գործընթացը շարունակվում է և արդեն ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն:
«Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: Ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը:
Հարթակի գործարկումից մինչև օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն:
Հետևողական լինելով նոր ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծմանը՝ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ դատավորների հետ սերտ համագործակցությամբ՝ նրանց կողմից ԵԽ աջակցությամբ իրականացվում են ՀՀ բոլոր նոտարների աննախադեպ ձևաչափի վերապատրաստումներ, ինչի արդյունքում առաջացած բոլոր խնդիրների մասով արձանագրվում են հստակ լուծումներ, ինչն էլ ավելի է նպաստում նոր ինստիտուտի կայացմանը և զարգացմանը»,- ասվում է նախարարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։