Հասարակություն

Ու՞ր գնալ հանգստանալու. Մեղրի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ու՞ր գնալ հանգստանալու. Մեղրի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ի «Ու՞ր գնալ հանգստանալու» շարքի հաջորդ կանգառը Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի քաղաքն է։ Այն գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին։ Քաղաքը շրջապատված է ժայռերով, ունի հարավային տաք կլիմա։

Եթե որոշել եք լավ ժամանակ անցկացնել Մեղրիում, ապա անպայման այցելեք «Արևիկ» ազգային պարկ, որը բացվել է 2010թ․: Այստեղ կտեսնեք որոշ կենդանիների և բույսերի, որոնք հազվագյուտ ու անհետացող տեսակներ են համարվում։ Եթե բախտներդ բերի, հնարավոր է՝ հանդիպեք  բծավոր բորենու, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը։ Մեղրու բերդը հայկական ճարտարապետական հուշարձաններից է, որը գտնվում է Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների վրա՝ հյուսիսից պայտաձև ընդգրկելով քաղաքը։ Այն չունի պարսպապատեր՝ լեռնաշղթաներն իրենք են ծառայում որպես պարիսպներ, բնակավայրն էլ գտնվում է ոչ թե աշտարակների միջև, այլ նրանց հարևանությամբ։ Բերդը բաղկացած է վեց աշտարակից։ Գտնվում է Մեղրի քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում։

Մեղրիի քաղաքը հայտնի է նաև իր եկեղեցիներով։ Քաղաքում կարող եք այցելել Սբ․ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին, որը թվագրվում է 17-րդ դարի, ինչպես նաև նույն ժամանակաշրջանին պատկանող Սբ․ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին։ Քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։

Բնության սիրահարներին կհետաքրքրի Մեղրիից ոչ հեռու գտնվող Լիճք գյուղը, որը հայտնի է չորս գեղեցիկ ջրվեժով, որոնք գտնվում են միմյանց բավականին մոտ՝ Զավարագետ և Մեղրի գետերի վրա։ Սակայն, այս տարածքում կան նաև այլ գեղեցիկ ջրվեժներ, որոնք այնքան էլ հասանելի չեն։ 

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական