Հասարակություն

Ինչ է արբիտրաժը, ինչու է այն այդքան արդիական և ինչպես է ազդում ՀՀ-ի տնտեսության ու իրավական համակարգի վրա

Արբիտրաժը, արբիտրաժի արդիականությունը, ՀՀ-ի տնտեսության ու իրավական համակարգի վրա դրա ազդեցությունը. այս և այլ հարցերի մասին է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանի հարցազրույցը։

Ի՞նչ է արբիտրաժը և ինչո՞ւ է այն այդքան արդիական այսօր։ Կարո՞ղ եք բացատրել արբիտրաժի էությունը և կարևորությունը ժամանակակից իրավական և բիզնես միջավայրում։

Արբիտրաժը վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման եղանակ է, որի դեպքում վեճի կողմերը համաձայնվում են իրենց վեճը ներկայացնել մեկ կամ մի քանի արբիտրներներից բաղկացած արբիտրաժային տրիբունալի։ Արբիտրները անառաչ և անկողմնակալ անձինք են։

Կողմերը պետք է համաձայնեն իրենց վեճն արբիտրաժ հանձնելու վերաբերյալ։ Այդպիսի համաձայնությունը սովորաբար արբիտրաժային վերապահման տեսքով է լինում։ Օրինակ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, պայմանագիր կնքելիս առանձին դրույթով պայմանավորվում են ապագայում իրենց միջև ծագած վեճերն արբիտրաժին հանձնելու վերաբերյալ։ Արբիտրաժային վերապահումը կարող է կնքվել նաև առանձին պայմանագրով։ Մյուս դեպքն այն է, երբ կողմերն արբիտրաժային համաձայնություն են կնքում իրենց միջև առկա վեճն արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ։

Արբիտրաժի դեպքում կողմերն են ընտրում կիրառելի իրավունքը, ընթացակարգային իրավունքը, ինչպես նաև արբիտրաժի իրականացման վայրը և լեզուն։ Գործընթացը կարելի է իրականացնել ինչպես ad hoc` հատուկ գործի համար կազմավորված տրիբունալի և քարտուղարության, այնպես էլ մշտապես գործող արբիտրաժային հաստատությունների միջոցով։ Այսպիսի հաստատությունները, որպես կանոն, ունենում են իրենց արբիտրաժային կանոնները, արբիտրների ցանկ և իրականացնում են գործի քարտուղարությունը։

Կողմերի վեճը լուծող արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական և պարտադիր է կողմերի համար, այն ենթակա չէ վերանայման ո՛չ արբիտրաժային տրիբունալների, ո՛չ դատարանների կողմից։ Արբիտրաժային վճիռները կարելի է միայն սահմանափակ հիմքերով չեղարկել, իսկ դրանց (հարկադիր) կատարումն իրականացվում է եզրափակիչ դատական ակտերի իրականացման տրամաբանությամբ։ ՀՀ օրենսդրությամբ մինչև 5 մլն դրամ հայցագնով արբիտրաժային վճիռները ենթակա են ուղղակիորեն կատարման, իսկ մնացած դեպքերում՝ դատարանի կողմից կատարողական թերթ տրամադրելուց հետո։ Օտարերկրյա արբիտրաժային համաձայնագրերը և վճիռները ճանաչելու և կատարելու գործընթացը, որպես կանոն, իրականացվում է Նյու Յորքի (1958թ․) կոնվենցիային համապատասխան, որը վավերացրել են ավելի քան 170 երկրներ։

Արբիտրաժն իրավական տեսանկյունից առաջարկում է վեճերի լուծման արդյունավետ գործընթաց՝ դատարաններից դուրս, ինչը կարող է էապես նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: Արբիտրաժը հնարավորություն է տալիս ընտրելու վեճի առարկայի հետ կապված հատուկ փորձով և մասնագիտական գիտելիքներով օժտված արբիտրներ, ինչը նպաստում է, որպեսզի բարդ տեխնիկական հարցեր ներառող վեճերն արդյունավետորեն քննվեն և կստանան լուծումներ։ Ավելին, արբիտրաժային վարույթի գաղտնիությունը պաշտպանում է զգայուն տեղեկատվությունը, որը կարող է բացահայտվել գործը դատարաններին հանձնելու պարագայում։

Ինչ վերաբերում է գործարարությանը, արբիտրաժն առաջարկում է մի քանի կարևոր առավելություններ: Արբիտրաժը հաճախ ավելի ծախսարդյունավետ է, քան ավանդական դատավարությունը, որը կարող է չափազանց թանկ լինել՝ երկարատև ընթացակարգերի պատճառով: Ինչպես արդեն նշվեց՝ արբիտրաժային վճիռները ենթակա են ճանաչման և կատարման ավելի քան 170 երկրներում, ինչը չափազանց կարևոր է գլոբալացված տնտեսության և գործարար միջավայրի համատեքստում: Բացի այդ, արբիտրաժը բիզնեսին ավելի մեծ վերահսկողություն է տալիս վեճերի լուծման գործընթացի վրա՝ ընտրելով նեղ մասնագիտացում ունեցող արբիտրներ, իրենց կարիքներին համապատասխան ընթացակարգային կանոններ և հնարավորություն ունենալով արբիտրաժային գործընթացն իրականացնել առցանց։ Այս ամենն չափազանց կարևոր է գործարարության հնարավորինս անխափան և առանց ցնցումների ընթացքի համար։

Ինչպե՞ս է արբիտրաժն ազդում Հայաստանի տնտեսության և իրավական համակարգի վրա, մասնավորապես՝ ներդրումների ներգրավման, միջազգային վեճերի լուծման և այլ հարցերի առումով։

Արբիտրաժի հետևողական խթանումն իր ուրույն տեղն ունի պետությունների տնտեսության, ներդրումների ներգրավման և իրավական համակարգի զարգացման առումով։

Արբիտրաժը հանդիսանում է գործնական և վստահելի միջոց՝ լուծելու ներդրումային վեճերը, որը խրախուսում է օտարերկրյա ներդրողներին ներդրումներ կատարել այն երկրներում, որոնք զարգացած արբիտրաժամետ օրենսդրություն և քաղաքականություն ունեն, քանի որ նրանք վստահ են, որ վեճերի դեպքում կարող են դիմել չեզոք և արդյունավետ լուծման մեխանիզմի ։ Այս առումով, ներդրումային միջավայրի անվտանգությունը և կանխատեսելիությունը մեծացնում են Հայաստանի գրավչությունը ներդրողների համար։

Իրավական համակարգի բարելավման տեսանկյունից արբիտրաժի զարգացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ձևավորել վեճերի լուծման արտադատական, այլընտրանքային պրակտիկա և մշակույթ։ Սա նաև հնարավորություն է ստեղծում միջազգային լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան որակյալ իրավաբանների և արբիտրների պատրաստման համար:

Կարո՞ղ եք մի քանի օրինակ բերել վերջին տարիներին Հայաստանի մասնակցությամբ միջազգային արբիտրաժային գործերից։

Rasia FZE and Joseph K. Borkowski v. Republic of Armenia (ICSID Case No. ARB/18/28)

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2018 թվականի օգոստոսի 3-ին: Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած վեճը բխում է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրից, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրերից։ Հայցվորները ԱՄՆ-ի քաղաքացի Ջ․Կ․ Բորկովսկին և ԱՄԷ-ում գրանցված “Ռասիա ՖԶԷ” ընկերությունն են։ 2023 թվականի հունվարի 20-ին արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է հայցվորների պահանջները և պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել շուրջ 2․8 մլն ԱՄՆ դոլար: 

Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia (ICSID Case No. ARB/17/36)

Անշարժ գույքի ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: 2021 թվականի դեկտեմբերի 15-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ հօգորտ Հայաստանի Հանրապետության` երկու տարբեր հիմքերով գտնելով, որ իրավասություն չունի վեճն ըստ էության քննելու։ Հետագայում այս վճիռը մասնակիորեն չեղարկվել է։

Ընթացիկ արբիտրաժային գործեր

Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet v. Republic of Armenia (ARB/21/17)

Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա: Գործը 2021 թվականի ապրիլի 6-ից ընթացքի մեջ է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային Կենտրոնում

Վերջերս հայտնի դարձավ, որ Fly Arabia-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ Fly Arna ավիաընկերության լուծարման հետ կապված։ Ավիաընկերության բաժնետոմսերի  49-ական տոկոսը պատկանում էր Fly Arabia ընկերությանը և Հայաստանի Հանրապետությանը։ Այլ մանրամասներ՝ ներառյալ հայցագինը, հայտնի չեն։

Walnort Finance Limited v. Republic of Armenia, ICSID Case No. ARB/24/20

Ավելի վաղ Walnort Finance Limited-ը, որը հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը, 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Հայցը վերաբերում է այն գործարքներին, որոնցով նաև Հայաստանի կառավարությունն է բաժնետեր դարձել պղնձամոլիբդենային կոմբինատում: Գործը գրանցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել ս․թ․ հունիսի 21-ին։

Ներկայացված բոլոր օրինակները ներդրումային արբիտրաժային վեճեր են, որոնց վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկություն կա։ Ներդրումային արբիտրաժի իրավական հիմքը պետությունների միջև կնքված երկկողմանի և բազմակողմանի (ներդրումային) պայմանագրերն են, որոնք նախատեսում են օտարերկյա ներդրումների պաշտպանության ռեժիմ, իսկ ծագած վեճերը միջազգային արբիտրաժով լուծելու հնարավորություն։ Ներդրումային արբիտրաժի դեպքում հայցվոր կողմը միշտ օտարերկրյա ներդրողն է, մինչդեռ պատասխանող կողմը` «ընդունող» պետությունը։ 

Այնուամենայնիվ միջազգային ներդրումային արբիտրաժը միակ հարթակը չէ, որտեղ որպես վեճի կողմ հանդես կարող է գալ պետությունը։ Այսպես, ընթացիկ առևտրային արբիտրաժային գործ է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն ընկերություն (UNC 190/HBH) գործը։

Վեճը ծագել է Հայաստանի տարածքում ճանապարհային աշխատանքների առնչությամբ ընկերության և  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև։ Միջազգային առևտրային արբիտրաժային վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2019 թվականի նոյեմբերին։ Ընկերությունն իր հերթին դատական վարույթ նախաձեռնել Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանում: Այսպիսով, զուգահեռ վարույթներ են ընթանում դատարանում և միջազգային արբիտրաժում։

Վերոգրյալ արբիտրաժային պրակտիկայից իր բնույթով, կիրառելի իրավունքի և իրավական հետևանքների տեսանկյունից զգալիորեն տարբերվում է միջպետական արբիտրաժը, որի դեպքում պետություններն արբիտրաժի միջոցով լուծում են տարատեսակ միջպետական վեճեր՝ տարածքային, սահմանային, սահամանագծման, վնասի փոխհատուցման, միգազգային պայմանագրերի մեկնաբանման և այն։

Ընթացիկ միջպետական արբիտրաժային գործերի օրինակներ են.

  • 2023 թվականի փետրվարի 27-ին Էներգետիկ խարտիայի (Energy Charter Treaty) ներքո սկսված Ադրբեջանի Հանրապետությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը,
  • 2023 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (հայտնի որպես Բեռնի կոնվենցիա) ներքո սկսված Ադրբեջանի Հանրապետությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։

Ինչպե՞ս են ընտրվում Հայաստանի ներկայացուցիչները միջազգային արբիտրաժային գործընթացներում և ի՞նչ չափանիշներով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային գործերում՝ ներառյալ ներդրումային արբիտրաժային գործերում, առաջին հերթին ներկայացնում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ Որպես կանոն ներգրավվում են նաև միջազգային իրավախորհրդատուներ, ինչն ընդունված միջազգային (խելամիտ և ողջունելի) պրակտիկա է:

Սանիտեկի գործով, օրինակ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետ միասին ներգրավվել է նաև Վաշինգտոնյան Foley Hoag իրավաբանական կազմակերպությունը։

Որո՞նք են այն հիմնական ոլորտները, որտեղ Հայաստանը հաճախ հայտնվում է միջազգային արբիտրաժային վեճերում։

Դժվար է առանձնացնել կոնկրետ ոլորտ, որի առընչությամբ Հայաստանի Հանրապետությունը հաճախ ներգրավվում է արբիտրաժային վեճերում։ Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որպես կանոն, պետություններն ավելի հաճախ հայտնվում են միջազգային արբիտրաժային վեճերում քաղաքական-տնտեսական ցնցումների ֆոնին, ինչպես Արգենտինայում էր 2000-ականների սկզբում կամ երբ որևէ պետություն տնտեսության կոնկրետ ոլորտում ցանկանում է օտարերկրա ներդրումներ գրավել, այդ նպատակով հատուկ հայեցակարգեր և ծրագրեր է մշակում, սակայն դրանք հետագայում խափանվում են, ինչպես, օրինակ՝ արևային էներգետիկայի ոլորտում Իսպանիայի փորձառությունը։ ։ Բնականաբար, մեծ է հավանականությունը, որ ներդրումային արբիտրաժային վեճերը կծագեն տնտեսության  առավել ակտիվ և գերակա ոլորտների առնչությամբ։ Այնուամենայնիվ, սա ընդհանրացում է, և ներդրումային վեճերը կարող են ծագել ցանկացած ոլորտի առնչությամբ։

Հայաստանի Հանրապետության դեմ բերված հայցերը ծագել են մի շարք ոլորտների առնչությամբ, որոնցից են հանքարդյունաբերությունը և շահագործումը, հանրային ծառությունների մատուցումը, ենթակառուցվածքներ, կառուցապատում, տրանսպորտ և այլն։

Ինչպես նշվեց, միջազգային արբիտրաժում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է առևտրային, ներդրումային և միջպետական վարույթների շրջանակներում։

Ի՞նչ դեր է խաղում Հայաստանի դատական համակարգը միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման գործում։

Ինչպես ցանկացած երկրի դատական համակարգ, Հայաստանի դատական համակարգը ևս կարևոր դեր է խաղում միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման գործում։ Այն ապահովում է միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման իրավական գործընթացը՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավրությունները։

Այս համատեքստում անկյունաքարային է Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին (Նյու Յորք, 1958) կոնվենցիայն, որի համաձայն առևտրային արբիտրաժային վճիռները ենթակա են ճանաչման և կատարման՝ անկախ կայացման վայրից ավելի քան 170 երկրներում։ Հայաստանի Հանրապետությունը Նյու Յորքի կոնվենցիային միացել է 1997 թվականին (ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 29-ին)։

Սա նշանակում է, որ Հայաստանը պարտավորվում է ճանաչել և կատարել Նյու Յորքի կոնվենցիայի անդամ երկրների արբիտրաժային որոշումները։ Այս կոնվենցիան ապահովում է միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման համար միասնական կանոններ, ինչը մեծացնում է վստահությունը արբիտրաժի նկատմամբ։

Միջազգային արբիտրաժային որոշման ճանաչման և կատարման համար կողմերից մեկը կարող է դիմել Հայաստանի դատարաններին, երբ արբիտրաժային վճռի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում է իրականացվում։ Դատարանները ուսումնասիրում են արբիտրաժային որոշումը և կատարում այն՝ հիմնվելով Նյու Յորքի կոնվենցիայի և Հայաստանի օրենսդրության նորմերի վրա։

Կան խիստ սահմանափակ (ընթացակարգային) հիմքեր, որոնց հիման վրա դատարանները կարող են մերժել միջազգային արբիտրաժային վճռի ճանաչումն ու կատարումը։ Արբիտրաժային վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը կարող է մերժվել միայն եթե,

  • արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, ի եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է,
  • վեճի կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից,
  • վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից,
  • արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,
  • վճիռը դեռևս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից
  • վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

Ինչպե՞ս են կողմերն ընտրում արբիտրներին միջազգային արբիտրաժային գործերի համար և որո՞նք են հիմնական չափանիշները։

Արբիտրաժային տրիբունալը կազմավորվում է կողմերի համաձայնությամբ։ Սովորաբար կողմերը առաջադրում կամ նշանակում են մեկական արբիտր, ովքեր իրենց հերթին ընտրում են տրիբունալի նախագահող արբիտրին։   

Կողմերը արբիտրների ընտրության գործընթացում մեծապես հետևում են միջազգային արբիտրաժային պրակտիկային։ Արբիտրների ընտրությունը կարևոր քայլ է, որը կարող է ազդել արբիտրաժային գործընթացի արդարության և ելքի վրա։

Արբիտրները պետք է ունենան համապատասխան փորձ և մասնագիտական հմտություններ այն ոլորտում, որը վերաբերում է տվյալ վեճին։ Սա կարող է ներառել առևտրային իրավունքի, միջազգային իրավունքի, ներդրումային վեճերի, շինարարության, էներգետիկայի և այլ ոլորտների փորձառություն։ Որպես կանոն կողմերը (հայցվորը և պատասխանող պետությունը ներդրումային վեճերի պարագայում) առաջադրում են արբիտրներ, որոնց ընդհանուր դիրքորոշումները որքան հնարավոր է համընկնում են (դատելով նախկին գործերից և/կամ ակադեմիական դիրքորոշումներից) տվյալ գործով կողմերի դիրքորոշումներին։ Ամեն դեպքում սա ևս ընդհանրացում է և միշտ չէ, որ կողմերը հետևում են այս տրամաբանությանը։

Արբիտրների հեղինակությունը և վստահությունը կարևոր չափանիշ են։ Կողմերը նախընտրում են արբիտրներ, ովքեր ունեն բարձր հեղինակություն և որոնց հանդեպ կողմերն ունեն վստահություն։ Ամեն դեպքում արբիտրները պետք է գործեն արդարացիորեն և լինեն անաչառ։

Ինչպե՞ս են Հայաստանի համալսարաններն ու ուսումնական հաստատությունները նախապատրաստում ապագա մասնագետներին միջազգային արբիտրաժի ոլորտում ներկայացված լինելու համար։

Մասնագիտական կրթությունն այս համատեքստում չափազանց կարևոր գործոն է։ Հայաստանում արբիտրաժի նեղ ոլորտային կրթությունը դեռևս բավարար չէ, բայց մյուս կողմից ընդհանուր հետաքրքրությունը գնալով աճում է։ Վստահ եմ, որ կարճ ժամանակում սա դառնալու է բավականին պահանջված ուղղություն։ Այստեղ արդեն կարևոր է բարձր որակ ապահովելը, և համոզված եմ, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն ու հայեցակարգերի կիրառումը շատ կարևոր է։ Հարկավոր է նաև ակտիվորեն ներգրավել, հրավիրել օտարերկրա մասնագետների, որոնց փորձը, հմտություններն ու գիտելիքները մեծապես նպաստելու են ոլորտի զարգացմանն, ինչպես նաև տեղացի մասնագետների մասնագիտական աճին։ Այս ամենն իհարկե ուսումնական հաստատությունների և գուցե նաև պետության անելիքն է։

Այսուհանդերձ, Հայաստանի համալսարանները և ուսումնական հաստատությունները կատարում են որոշակի քայլեր՝ նախապատրաստելու ապագա մասնագետներին միջազգային արբիտրաժի ոլորտում։

Օրինակ՝ ես «Վեճերի այլընտրանքային լուծում» և «Ներդրումային իրավունք» եմ դասավանդում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրայի ուսանողներին։ Դասընթացներն ընտրովի են, բայց նկատելի հետաքրքրություն կա ոլորտի վերաբերյալ։

Այսօրինակ դասընթացներ և ամբողջական ծրագրեր են դասավանդվում նաև հայաստանյան այլ բուհերում՝ ներառյալ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և այլ հաստատություններում։

Չափազանց կարևոր են միջազգային մրցույթների և դատախաղերին մասնակցությունը, ինչը մեծապես խթանում է ուսանողների (և դասախոսների) հետաքրքրությունը և հմտությունները արբիտրաժի ոլորտում։ Այս մրցույթներն ուսանողներին հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց քննադատական և իրավաբանական հմտությունները՝ միջազգային մակարդակով։

Լեզվական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը ևս կարևոր են, քանի որ միջազգային արբիտրաժային գործերը հաճախ անց են կացվում անգլերենով կամ այլ միջազգային լեզուներով։ Օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է արդյունավետ արբիտրաժային ներկայացուցչության համար։

Կան նաև վերապատրաստման ծրագրեր և սեմինարներ, որոնք կազմակերպվում են միջազգային իրավաբանական ինստիտուտների և կազմակերպությունների կողմից։ Սա ներառում է աշխատաժողովներ և մոդուլներ, որոնք նվիրված են արբիտրաժային ընթացակարգերի, հաշտարարության և այլ իրավաբանական մեթոդների կիրառմանը։ Կարևոր նշանակություն ունեն նաև մասնագիտական համաժողովները։

Վերջապես, արբիտրաժային հաստատությունները ևս իրենց ներդրումն ունեն այս գործընթացում։ Օրինակ՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը պարբերաբար կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման տարբեր միջոցառումներ իրավաբանների, գործարարների, դատավորների, հաշտարարների, արբիտրների և ուսանողների համար։ Գործնական հմտությունների փոխանցումը չափազանց կարևոր է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների արդյունավետ կիրառման և ոլորտի ընդհանուր զարգացման համար։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) վեճերի այլընտրանքային լուծման համակարգի զարգացման և միջազգային վեճերի ներգրավման ուղղությամբ Հայաստանում։

Ինչ վերաբերում է AMCA-ին, Կենտրոնը հիմնադրվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայ իրավաբանական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU)  կողմից։ Կենտրոնն ունի Հոգաբարձուների խորհուրդ և Արբիտրաժային խորհուրդ, որոնք տեղական և միջազգային ճանաչված մասնագետներից են բաղկացած։

Կենտրոնն ունի հրապարակված արբիտրաժային կանոններ, որոնք մշակվել են հիմնականում Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) կանոնների հիման վրա և կիրառվում են ԱՄԿԱ-ի կողմից վարվող արբիտրաժային վարույթների նկատմամբ։ Կարևոր է պարզաբանել, որ Կենտրոնն ինքնին չի լուծում վեճերը։ Այն զբաղվում է արբիտրաժային գործերի վարմամբ, որոնք լուծվում են արբիտրաժային տրիբունալների կողմից։

AMCA-ն կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների ներուժի բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում։ Զուգահեռաբար Կենտրոնի նպատակն է ներգրավել միջազգային վեճեր։ Այս համատեքստում Կենտրոնն արդեն նշանակալի հաջողություններ է գրանցել․ այս պահի դրությամբ գրանցել է երկու միջազգային արբիտրաժային գործ, որոնք այս պահին գտնվում են վարույթի սկզբնական փուլում։ Ավելին, Կենտրոնը մինչև օրս հինգ հաշտարարության գործ է ունեցել։

Կենտրոնում ընթացող միջազգային արբիտրաժային գործերից մեկը բավականին խոշոր հայցապահանջով է աչքի ընկնում՝ ավելի քան 150․000 եվրո։ Մյուս գործը վերաբերում է անշարժ գույքի ոլորտին։

Կենտրոնի ռազմավարական նպատակը արբիտրաժի և հաշտարարության ոլորտում երկրարաժամկետ, կայուն և վստահելի ծառայությունների մշակույթի ամրապնդումն է։ Կենտրոնի համակարգված աշխատանքը, կարճաժամկետ և հեռանկարային ծրագրերը հետևողականորեն ծառայում են այս նպատակի իրագործմանը։

Արդյո՞ք Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ներկայումս պատրաստ է և բավարար ռեսուրսներ ունի ներդրումային արբիտրաժային վեճերը վարելու համար։

ԱՄԿԱ-ն կարևորում է նաև արբիտրաժի կայացման միջոցով Հայաստանն օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելը։ Այստեղ հարկ է նշել, որ չնայած տեսականորեն այսօր էլ Կենտրոնն իր ռեսուրսներով ունակ է նաև ներդրումային արբիտրաժային գործեր վարել՝ գործնականում նման գործեր ներգրավելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Որակյալ, հաշվետու և հետևողական աշխատանքի արդյունքում ապագայում այդ նպատակին ևս կարելի է հասնել։