Հասարակություն

Ո՞ւր գնալ հանգստանալու. Կապան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ո՞ւր գնալ հանգստանալու. Կապան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Եթե որոշել եք արձակուրդն անցկացնել Հայաստանում, ապա հրաշալի տարբերակ է Կապան քաղաքը, որը գտնվում է Երևանից 320 կմ հարավ-արևելք։ Քաղաքը Ողջի գետի ափին է, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, ծովի մակարդակից 910 մ բարձրության վրա։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է կիրճ, նեղ ձոր երկու լեռների միջև։

Ի՞նչ հետաքրքիր և տեսարժան վայրեր կան Կապանում. Radar Armenia-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը։

Կապանը Հայաստանի պատմական քաղաքներից մեկն է։ Կապանի այցեքարտերից է համարվում 17-րդ դարում կառուցված Հալիձորի բերդը, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու՝ Ողջի գետի մոտակայքում գտնվող բարձր բլրի վրա: Տեղական լանդշաֆտի առանձնահատկությունների և ճարտարապետական լուծումների շնորհիվ Հալիձորը համարվում էր այս տարածքի անառիկ ամրոցներից մեկը:

Կապանից մոտ 5 կմ հարավ-արևմուտք է գտնվում Վահանավանք վանական համալիրը, որը հիմնադրվել է 10-րդ դարում, իսկ 11-րդ դարում համալիրը մասամբ վերակառուցվել է: Որոշ ժամանակ Վահանավանքը ծառայել է որպես պանթեոն տեղի արքայական ընտանիքների անդամների համար:

Սյունիքի բնական զարդն է Խուստուփ լեռը։ Բնության սիրահարները, հատկապես ամռան ամիսներին, կարող են բարձրանալ լեռը և վայելել գեղատեսիլ տեսարաններն ու լեռնային շքեղ բնությունը։

Եթե որոշել եք ձեր հանգիստն անցկացնել Կապանում, ապա անպայման այցելեք Բաղաբերդ կամ Կապանի ամրոց, որը Հայաստանի պատմական տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Կապան և Քաջարան քաղաքների միջև, մոտ 200 մ բարձրություն ունեցող բլրի վրա: Բաղաբերդը հիմնադրվել է 3-4 դարերում: Ամրոցից այսօր պահպանվել են հիմնական պատի և շենքերի որոշ հատվածներ։

Կապանում, բացի պատմական վայրերը, կարող եք այցելել նաև ժամանակակից տեսարժան վայրեր, որոնցից է Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Այն կառուցվել է 2001 թվականին և ներկայիս հոգևոր կենտրոնն է: Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շենքը նախագծված է հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդական ոճով:

Հետաքրքիր է նաև քաղաքի մուտքի մոտ տեղակայված արջի դեկորատիվ արձանը` բանալիները բերանին։ Տարիներ առաջ կենդանու բերանին բանալի չկար: 1972թ․ արձանը փոփոխության ենթարկվեց և ավելացվեց բանալին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական