Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը. Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց Իրանում տեղի ունեցավ այդ դեպքը, այն էլ՝ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո, երբ սպանեցին այդ միջոցառմանը եկած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդին։
- Իսրայելը հայտարարել էր,որ Գոալնի հրթիռակոծումին կպատասխանի ուժգին, բայց՝ սահմանափակ։ Դիպաշարին հետևողներն այնպես ընկալեցին, որ Բեյրութի հարավային արվարձաններում կատարված հրթիռակոծումը, որի ընթացքում սպանվեց Հեզբոլլահի ռազմական խորհրդի անդամը, Իսրայլեի հայտարարած պատասխանն էր։ Հանկարծակի եղավ Թեհրանի հարձակումը՝ ընդամենը մի օր տարբերությամբ։ Կարծում եմ՝ Նեթանիահուին չի հաջողվել կատարել իր հայտարարած առաջադրանքները։ Գազայի պատերազմը չի ավարտվել, ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել և իսրայելյան զորքերը չեն տեղակայվել Գազայում։ Զուգահեռ ահագնանում են հակակառավարական ներիսրայելյան խմորումները, որոնք կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականին, գուցե հրադադարից կամ կացության հանդարտեցումից հետո։ Նեթանիահուն փորձում է ելքի պատուհաններ բացել։ Այս գործողությունները պետք է դիտարկել նաև այս հանգամանքներում։
- Տեղի ունեցածն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ. արդյո՞ք իրադարձությունները կարող են ավելի սրվել, վերածվելով ռազմական գործողությունների, Իրանն ինչպե՞ս կարձագանքի։
- Իհարկե կլինեն հակահարվածներ։ Հակահարված-հակահարված շղթայական ընթացքը կշարունկավի մինչև հրադադարի կետերի շուրջ կողմերի համաձայնություն։ Իսրայելին հարվածում են քառակողմ ձևաչափով՝ Գազայից, հարավային Լիբանանից,կարմիր ծովից և Իրաքից։ Համաձայնությունը կարծում եմ լինելու է փաթեթային։ Չորս կետերի վրա Թեհրանն ունի իր վերահսկողությունը։Ցնցումները շարունակվելու են։ Հեռվից երևում են քաղաքական օրակարգեր՝ «երկու պետություն» և Լիբանան-Իսրայել ցամաքային սահմանազատում։
- Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաև Բեյրութի հրթիռակոծությանը. ռազմական գործողությունները ոչ թե մարում են, այլ ընդհակառակը՝ գնալով նոր թափ ստանում։
- Բեյրութի հարավային արվարձանների հրթիռակոծումը, կարելի է ասել, փոխեց ռազմախաղի կանոնները։ Նախապես էլ եղել էին հարվածներ հարավային գոտուց դուրս․ այս անգամ սակայն Հեզբոլլայի գլխավոր դեմքերից մեկի սպանությունն էր, որը, ըստ հայտարարությունների, ունենալու է պատասխան հարված։ Հարավային գոտում որոշակի ընդհատումներով այդուհանդերձ ռազմական գործողությունները կշարունակվեն։ Չեմ կարծում որ այս բոլորով հանդերձ պատերազմը կստանա լայնածավալ տարածաշրջանային մեծ տարողունակություն։ Պրոքսիներով, ինչ-որ տեղ ուղղակի տարածքների վրա հարձակումներով, հիբրիտային տեսքով և անօդաչուներով «ռազմական բանակցություններ» են գնում հանգելու համար նախ հրադադարի և ապա քաղաքական բանակցությունների մեկնարկի։
- Այս իրադարձություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ մեր տարածաշրջանի և այստեղ առկա խնդիրների վրա։
- Իսրայելը Թեհրանի հարձակումից հետո հոխորտաց, որ իրանյան տարածքներից չէ, որ արձակվել է հրթիռը։ Սա ենթադրել է տալիս, որ այլ երկրի տարածք է օգտագործվել։ Գուցե սահմանամերձ։ Այստեղ պիտի մտածել, որ Արցախի պատերազմին Իսրայլեը ներգրավված էր Ադրբեջանի կողքին և Արցախի բռնագրավված տարածքների վրա տեղադրել է ռազմակայաններ։ Մինչ օրս պարզ չեն նաև Իրանի նախագահ Ռայիսիի վթարային պայմանները։ Արժի հիշել, որ Իրանի նախին նախագահը Ադրբեջանից Թավրիզ էր մեկնում, որի ընթացքում կործանվեց ուղղաթիռը։
Անպայման Թեհրանը կճշտի, թե որտեղից է արձակվել ՀԱՄԱՍ-ի ղեկավարին սպանող հրթիռը։ Որքան էլ երևույթները պահպանվեն, այդուհանդրձ Ադրբեջանն Իրանի համար գլխավոր սպառնալիք հանդիսացող Իսրայելի հետ ռազմավարական գործակցությունը խորացնող պետություն է։
Արման Գալոյան